Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փաշինյանի վերընտրվելու գինը՝ այսօրվա «կուրսով»

Փաշինյանի վերընտրվելու գինը՝ այսօրվա «կուրսով»
05.11.2025 | 14:36

Բոլորովին պատահական չէ, որ Իլհամ Ալիևը հիշել է Սևանա լճի մասին՝ այն անվանելով Գյոկչա: Դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո նրա և Նիկոլ Փաշինյանի միջև առևտուր է գնում՝ ինչ գնով պահպանել Հայաստանում վերջինիս իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ էր, թե Թրամփի ճանապարհը և նրա վկայությամբ ինչ-որ «խաղաղության հռչակագիր» ստորագրելը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի բանալին է լինելու: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ այդ ճանապարհի և Թրամփի Նոբելյան մրցանակի համար ստորագրված «անձեռոցիկի» ճակատագիրը շատ մշուշոտ է, որովհետև դա միայն Միացյալ Նահանգների կամ Թրամփի ցանկությամբ չէ: Աշխարհը վաղուց բազմաբևեռ է, և այս տարածաշրջանում ոչ մի գերտերություն չի կարող ինքնագլուխ որոշումներ կայացնել ու իրագործել:

Դա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահը և վստահ է, որ Փաշինյանի վերընտրվելու միակ երաշխավորը մնում է ինքն ու իր բանակը: Այդպես եղավ նաև 2021 թվականին, երբ, Փաշինյանի հրաժարականից անմիջապես հետո, ադրբեջանական բանակը ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք՝ հայ ընտրողին ստիպելով քվեարկել ավտոմատի «պրիցելի» տակ:

Հիմա, երբ Փաշինյանի վարկանիշին նույնիսկ Թրամփի «անձեռոցիկը» չի օգնում, նրա համար իշխանությունը պահելու գինն ավելի է բարձրանում, և հենց այդ գինն է ներկայացնում Իլհամ Ալիևը՝ Սևանա լիճը կամ դրա մի հատվածը: Իհարկե, դա լոկ այսօրվա «կուրսն» է, վաղը այն կարող է փոխվել: Խնդիրը դա չէ, այլ այն, թե որքա՞ն ենք մենք թույլ տալու կամ հանդուրժելու, որ Փաշինյանը առևտուր անի Հայաստանի ու հայ ժողովրդի հաշվին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4805

Մեկնաբանություններ